Կոմիտաս

250px-KomitasԿոմիտասը ծնվել է 1869թ․ սեպտեմբերի 26, Քյոթահիա կամ Կուտինա քաղաքում։ Հայրը՝ Գևորգ Սողոմոնյանը, և մայրը՝ Թագուհի Հովհաննիսյանը, երգեր են հորինել, որոնք սիրվել են Քյոթահիայի երաժշտական կենցաղում։ 1870թ․ վախճանվում է մայրը, 1880թ․ ՝ հայրը։ Կոմիտասի խնամնքն իր վրա է վերցում հայրական տատը, իսկ նրա մահից հետո՝ հորաքույրը։ 1876-1880թ․Կոմիտասը սովորում է Քյոթահիայի քառամյա դպրոցում, այնուհետև Բրուսայի վարժարանի։

1907 թ. Փարիզում հրատարակվում է կոմպոզիտորի առաջին՝ «Հայ քնար» ժողովածուն, որտեղ ընդգրկված էին հայ գեղջուկ երգերի մեներգային և խմբերգային մշակումներ։

1910 թ. աշնանը Կոմիտասը տեղափոխվում է Կոստանդնուպոլիս, որի միջավայրն առավել նպաստավոր էր համարում իր գործունեության համար: Այստեղ հիմնում է 300 հոգուց բաղկացած «Գուսան» երկսեռ երգչախումբը՝ համերգներ տալով տարբեր քաղաքներում։ Շարունակում է գիտական և մանկավարժական գործունեությունը, հանդես գալիս հոդվածներով և զեկուցումներով։

1912 թ. Լայպցիգում հրատարակվում է Կոմիտասի «Հայ գեղջուկ երգեր» ժողովածուն, որը ներառում էր հայ ժողովրդական երգերի մեներգային և խմբերգային մշակումներ: 1914 թ. Փարիզում մասնակցում է Միջազգային երաժշտական ընկերության հինգերորդ համաժողովին՝ ներկայացնելով երեք զեկուցում հայ հոգևոր երաժշտության, ժողովրդական երաժշտության և խազագրության մասին։ Այս շրջանի ստեղծագործական նվաճումն է խմբերգային արվեստի գլուխգործոցներից մեկը՝ «Պատարագը» արական երգչախմբի համար։

Էջմիածին վերադառնալով՝ Կոմիտասը երաժշտա-հասարակական բազմակողմանի գործունեություն է ծավալում։ Զբաղվում է հայ գեղջկական և հոգևոր երգերի գրառմամբ և գիտական ուսումնասիրությամբ։ Ճեմարանի քառաձայն երգչախմբով համերգներ է տալիս Էջմիածնում, Երևանում, Թիֆլիսում և Բաքվում։ Հետևողականորեն աշխատում է հայկական միջնադարյան երաժշտության գրառման համակարգի՝ խազերի վերծանման ուղղությամբ:

Կոմիտասը հայ երաժշտությանը վերաբերող ելույթ-դասախասություններով հանդես է գալիս Եվրոպայի և Արևելքի մի շարք քաղաքներում։ Նրա ելույթներն ամենուր խանդավառ ընդունելություն են գտնում և արժանանում ժամանակի առաջադեմ երաժիշտների բարձր գնահատականին ու հիացական կարծիքին:

1915 թ. Օսմանյան Թուրքիայի կազմակերպած և իրագործած Հայոց ցեղասպանությունը ողբերգականորեն ընդհատում է հանճարեղ երաժշտի գործունեությունը։ Պոլսահայ մտավորականների հետ նա ևս ձերբակալվում և աքսորվում է: Որոշ ժամանակ անց, ամերիկյան դեսպան Մորգենթաուի միջնորդությամբ, Կոմիտասին աքսորից ետ են ուղարկում, սակայն ապրած արհավիրքի հետևանքով նա կորցնում է հոգեկան հավասարակշռությունը և դադարում ստեղծագործել։ 1916-1919 թթ. Կոմիտասը գտնվել է Կ. Պոլսի Շիշլի թաղամասի հոգեբուժարանում։ Կյանքի վերջին 16 տարիներն անցել են Փարիզի Վիլ-Էվրար և Վիլ-Ժուիֆ արվարձանների բուժական հաստատություններում։

Կոմիտաս վարդապետը վախճանվում է 1935 թ. հոկտեմբերի 20-ին  Փարիզում։

Նամակ՝ Հովհաննես Թումանյանին

«Սիրելի՜ Յովհաննէս,
Էջմիածին չեկար, մոծակից վախեցար. էդ պիծի մոծակն ի՞նչ է, որ մարդս նորանէն վախենայ, ես քեզ այնպիսի տեղ տայի, որ մոծակ չէ, մոծակի աղբէրն իր ճտերով չէր կարող մուտք գործել:
Բան չունեմ ասելու: Ուզում ես Դիլիջան, բարի. դաշնամուրի հոգ մի՜ անիր. իմ գալու կամ քո գալուդ նպատակն է լինելու միայն եւ եթ բառերը՝ բանաստեղծութիւնը լրացնել դերակատարներով եւ երգերով, մի խօսքով կազմել լիբրէթթօն: Իսկ միւս բաները՝ երաժշտականը կը կազմեմ ես միայն Էջմիածնում, ուր իմ սենեակում հարկաւոր յարմարութիւններն էլ կան ինձ համար:
Մանրամասն ծրագիրներս կը պատմեմ, երբ տեսնուենք, շատ դժուար է երաժշտութեան մասին գրով խօսել-բացատրուելը:
Առ այժմ ես էլ եմ զբաղուած մինչեւ ամսիս վերջը շտապ գործեր ունեմ հասցնելու եւրոպական թերթերի համար, յետոյ մասամբ ազատ եմ: Ես որոշել եմ այս ամառն անցնել Էջմիածնում, բայց մի 10 օրով կը գամ Դիլիջան մինչեւ Անուշը լրացնենք:
Իշխանուհի Թումանեանին յատկապէս բարեւներս յիշիր:
Քեզ, տիկնոջ, ճտիկներիդ էլ մի բոլ գնացքով սիրալիր ողջոյններս:
Համբոյրներով
քո Կոմիտաս Վարդապետ»

Оставьте комментарий