«Պատիժ առանց հանցանքի» Ռեյ Բրեդբերի-թարգմանություն

-Կնոջդ սպանե՞լ եք ուզում,-հարցրեց գրասեղանի մոտ նստած, մուգ մազերով մարդը։

-Այո՛։ Այսինքն, ոչ․․․այդքան էլ այդպես չէ։ Ես կուզեի․․․

-Անուն, ազգանուն։

-Ի՞մը թե նրանը։

-Ձերը։

-Ջորջ Հիլլ։

-Հասցե։

-11, Սաուտ Սենտ-Ջեյմս, Գլենվյու։

Տղամարդը անկիրք գրանցում էր։

-Ձեր կնոջ անունը։

-Քեթրին։

-Տարիքը։

-Երեսունմեկ։

Հարցերը լցվում էին մեկը մյուսի հետևից։ Մազի գույնը, աչքերը, մաշկը, սիրելի օծանելիք, ինչպիսին է նա շոշափելիս, հագուստի չափը․․․

-Ունե՞ք նրա ստերեո լուսանկարը։ Իսկ ձայնագրությամբ ժապավենը։ Ես տեսնում եմ դուք բերել եք։ Շատ լավ։ Հիմա․․․

Անցավ ժամ։ Ջորջ Հիլլն արդեն երկար ժամանակ սառը քրտինքի մեջ էր։

-Վե՛րջ,-մուգ մազերով մարդը կանգնեց և խիստ նայեց Ջորջին,-Դուք չե՞ք փոշմանել։

-Ոչ։

-Դուք գիտե՞ք, որ սա ապօրինի է։

-Այո։

-Ու մենք չենք կրում որևէ պատասխանատվություն հնարավոր հետևանքների համար։

-Ի սեր Աստծո, արագացրե՛ք,-գոռաց Ջորջը,-տեսե՛ք ինչքան եք ինձ այստեղ պահում։ Արագացրե՛ք։

Մարդը հազիվ նկատելի ժպտաց։

-Ձեր կնոջ պատճեն տիկնիկը պատրաստելու համար պետք է երեք ժամ։ Իսկ դուք մի փոքր քնեք, Ձեզ հանգստանալ է պետք։ Միջանցքից ձախ երրորդ հայելային սենյակը ազատ է։

Ջորջը դանդաղ, շշմած, մտավ հայելային սենյակը։ Նա պառկեց կապույտ թավշյա բազմոցի վրա, և մարմնի ճնշումը ստիպեց առաստաղի հայելիները պտտվեն։ Նուրբ ձայնը երգեց․ «Քնի․․․քնի․․․քնի․․․»

-Քեթրին, ես չէի ուզում գալ այստեղ։ Դո՛ւ ինձ ստիպեցիր․․․Աստված իմ, ես չե՛մ ուզում այստեղ մնալ։ Տուն եմ ուզում․․․չեմ ուզում սպանել քեզ․․․,-քնկոտ մրմնջաց Ջորջը։

Հայելիները անձայն պտտվում և փայլում էին։

Նա քնեց։

Երազում, նա տեսավ իրեն քառասունմեկ տարեկանում։ Նա և Քեթին վազում են կանաչ սարալանջով։ Նրանք եկել էին խնջույքի, իսկ իրենց ուղղաթիռը հեռվում կայանած էր։ Քամին խաղացնում էր Քեթիի ոսկեգույն մազերը, նա ծիծաղում էր։ Նա և Քեթին համբուրվում են և բռնում են իրար ձեռքերը՝ ոչինչ չեն ուտում։ Նրանք կարդում են բանաստեղծություններ․ այս ամենն է ինչ, որ նրանք անում էին, կարդում էին բանաստեղծություններ։

Այնուհետև այլ պատկերներ։ Թռի՛չք, արագ գունային փոփոխություն։ 1997թ․ պարզ, երկար աշնանը նրանք թռչում են Հունաստանի, Իտալիայի և Շվեցարիայի վրայով։ Շարունակ թռչու՜մ են ու թռչում։

Հանկա՛րծ՝ մղձավանջ, Քեթին և Լեոնարդ Փելպսը՝ Ջորջը գոռաց երազի մեջ։ Ինչպե՞ս սա կատարվեց։ Որտեղի՞ց հանկարծ հայտնվեց Փելիպսը։ Ինչու՞ նա հայտնվեց իրենց ստեղծած աշխարհում։ Ինչու՞ աշխարհը չի կարող լինել պարզ և բարի։ Միջուցե՞ տարիքային տաբերությունն է։ Ջորջը հիսուն է, իսկ Քեթին երիտասարդ, շա՜տ երիտասարդ։ Ինչու՞, ինչու՞․․․

Այս տեսարանը մնաց նրա հիշողություններում։ Լեոնարդ Փելիպսը և Քեթին այգում, քաղաքից դուրս են։ Ջորջը հայտնվեց, այն պահին, երբ նրանք համբուրվում էին։

Կատաղություն։ Կռիվ։ Փելիպսին սպանելու փորձ։

Անցան օրեր, և էլի մղձավանջներ․․․

Ջորջը արթնացավ արցունքների մեջ։

-Պարոն Հիլլ, ամեն ինչ պատրաստ է։

Նա անփույթորեն վեր կացավ բազմոցից։ Տեսավ իրեն արդեն անշարժ հայելիների մեջ։ Այո, նրա տեսքը լինովին հիսուն տարեկանի է։ Սա սարսափելի սխալ է։ Իրենից ավելի գրավիչ մարդիկ, ամուսնանում էին ավելի երիտասարդ կանանց հետ, և համոզվում էին, որ նրանք անխուսափելիորեն պլստում են իրենց գրկից։ Նա զայրացած նայեց իրեն։ Մի փոքր գեր փոր։ Մի փոքր հաստ կզակ։ Մազերում շատ աղ ու պղպեղ, իսկ մարմնում՝ քիչ։

Մուգ մազերով մարդը ուղեկցեց նրան ուրիշ սենյակ։

Ջորջի շունչը կանգնեց։

-Սա Քեթիի սենյա՛կն է։ Մինչև ամենափոքր մասնիկները։

-Ընկերությունը փորձում է հնարավորինս բավարարել հաճախորդների պահանջը։

-Ի՛ր սենյակը։

Ջորջ Հիլլը ստորագրեց տասը հազար դոլլարի չեկ։ Մարդը վերցրեց չեկը և գնաց։

Սենյակը հանգիստ էր և տաք։

Ջորջը նստեց և ձեռք տվեց գրպանում զենքը։ Այո, շատ գումար է․․․բայց հարուստ մարդիկ իրենց կարող են թույլ տալ «մաքրող սպանության» շքեղություն։ Բռնությունը առանց բռնության։ Մահը առանց մահ։ Նա թեթևացավ։ Հանկարծ, սկսեց հանգստանալ։ Նա նայում էր դռանը։ Վերջապես մոտենում է այն պահը, որին նա սպասել է կես տարի։ Հիմա ամեն ինչ կվերջանա։ Մի պահ և սենյակ կմտնի ռոբոտ-տիկնիկ, որը կառավարվում է անտեսանելի թելերով, և․․․

-Բարև Ջորջ։

-Քեթի՛։

Նա արագ շրջվեց

-Քեթի՛,-պայթեց նրա միջից։

Նա կանգնած էր նրա հետևում, դռան մոտ։ Նրա հագին փետրանման փափուկ կանաչ զգեստ էր, ոտքերին՝ ոսկեգույն հյուսված սանդալներ։ Բաց գույնի մազերը ալիքաձև փաթաթում էին վիզը, իսկ աչքերը փայլում էին պարզ կապույտով։

Ցնցումից, նա մի բառ անգամ չասեց։ Վերջապես ասաց՝

-Դու հիանա՜լի ես։

-Երբևէ տարբերվե՞լ եմ։

-Թույլ տուր նայեմ քեզ,-կամաց ասաց նա, անծանոթի ձայնով։

Նա կամաց ձեռքերը տարավ դեպի իրեն, անվճռականորեն, լուսնոտի նման։ Նրա սիրտը խուլ տրոփում էր։ Նրա շարժումները ծանր էին, կարծես խորտակվել է հսկա ալիքով։ Նա քայլում էր նրա շուրջ, հոգատարությամբ մարմնին դիպչելով։

-Այսքան տարիների ընթացքում ինձ բավականաչափ չե՞ս տեսել։

-Երբեք էլ բավական չի լինի․․․,-ասաց նա աչքերը լցնելով։

-Ինչի՞ մասին էիր ուզում խոսել։

-Սպասի՛ր, խնդրում եմ, մի փոքր սպասիր։

Նա նստեց բազմոցին, հանկարծ թուլանալով, կրծքին սեղմեց դողացող ձեռքերը։ Աչքերը փակեց։

-Ուղակի անըմբեռնելի է։ Սա նույնպես մղձավանջ է։ Ինչպե՞ս նրանք կարողացան քեզ սարքել։

-Մեզ արգելված է խոսել այդ մասին, պատրանքը կխախտվի։

-Կախարդա՞նք։

-Ոչ, գիտություն։

Նրա ձեռքերը տաքն էի։ Եղունգները կատարյալ, ծովային խեցիների պես։ Ոչ մի չնչին թերություն չկար։ Նա նայում էր և հիշում այն բառերը, որոնք իրար հետ կարդում էին երջանիկ օրերին ՝ «Օ՛, դու կա՜տարյալ ես, իմ սիրելի, դու կա՜տարյալ ես։ Քո աղունիկանման աչքերը, քո գանգուրների տակ․․․ Ժապավենի պես քո արյունանման և բարի շուրթերը․․․ Քո երկու ծծակները նման են շուշանների մեջ արածող այծամների… Դու ամբոջությամբ կա՜տարյալ ես, իմ սիրելի, և քո վրա ոչ մի բիծ չկա» 

-Ջո՛րջ։

-Ի՞նչ,-նրա հայացքը սառել էր։

Նա ցանկացավ համբուրել Քեթիին։ 

«․․․քո լեզվի տակ մեղր և կաթ, և քո զգեստը Լիվանի բույրն ունի»

-Ջո՛րջ։

Խլացուցիչ խշշոց ականջներում։ Աչքերի առաջ սենյակը սկսեց ցնցվել։ 

-Այո, այո, հիմա, մի րոպե․․․,-նա թափահարեց գլուխը, որ ազատվի խշշոցից։

«Օ, քո կատարյալ ոտքերը սանդալներում, այքայադուստր։ Կոնքերիդ կլորացումը վզնոցի է նման՝ հմուտ նկարչի գործ…» 

-Ինչպե՞ս նրանք կարողացան անել,-բացականչեց նա։

Այդքա՛ն արագ։ Միայն ինը ժամում, մինչև նա քնած էր։ Ինչպե՞ս են նրանք հալեցրին ոսկին, ամրացրին ժամացույցի ամենաբարակ ժամ անիվները, ադամանդները, փայլերը, կոնֆետները, թանկարժեք սուտակները, հեղուկ արծաթը, պղնձե մետաղալարերը: Ի՞սկ նրա մազերը։ Դրանք գործել են մետաղյա միջատնե՞րը։ Ոչ, երևի, ոսկեդեղին բոցը կաղապարի մեջ են լցրել և թողնել են, որ պնդանա… 

-Եթե դու խոսես այդ մասին, ես հենց հիմա կհեռանամ,-ասաց նա: 

-Ո՛չ, ո՛չ, մի գնա։

-Ուրեմն արի անցնենք բուն թեմային,-սառը ասաց նա,-դու ուզում էիր ինձ հետ խոսել Լեոնարդի մասին: 

-Սպասիր, դրա մասին մի փոքր ուշ: 

-Ոչ, հիմա,-պնդեց նա: 

Նրա մեջ արդեն զայրույթ չկար։ Ամեն ինչով կարծես ալիք անցավ, երբ նա տեսավ նրան։ Նա իրեն զգում էր ինչպես զզվելի տղա։

-Ինչու՞ ես եկել ինձ մոտ,-առանց ժպիտի հարցրեց նա: 

-Խնդրում եմ քեզ… 

-Ոչ, պատասխանի։ Ինչը վերաբերում է Լեոնարդին, դու գիտես՝ ես սիրում եմ նրան։ 

-Լռի՛ր, — նա ձեռքերով փակեց ականջները: 

-Դու լավ գիտես, որ ես անընդհատ նրա հետ եմ։ Ես լինում եմ Լեոնարդի հետ այնտեղ, որտեղ եղել ենք մենք՝ երկուսով։ Հիշու՞մ ես Մոնտե-Վերդեի սիզամարգը։ Մենք այնտեղ էին անցած շաբաթ։ Ամիս առաջ թռանք Աթենք և մեզ հետ վեցրեցինք մի տուփ շամպայն։

Նա լեզվով անցկացրեց չորացած շուրթերի վրայով։ 

-Քո մեղքը չէ, քո մեղքը չէ՛,-նա վեր թռավ և բռնեց նրա ձեռքերը,-դու նոր ես աշխարհ եկել, դու նա չես։ Նա է մեղավոր, ոչ թե դու։ Դու լրիվ ուրիշ ես։

-Այդպես չէ,-ասաց կինը,-ես նա եմ։ Ես ինձ պահում եմ այնպես, ինչպես նա։ Ես չունեմ մի գրամ նրանից, ինչ ունի ինքը։ Գործնականում, մենք նույն բանն ենք։

-Բայց, դու նրա նման քեզ չէիր պահում։

-Ես պահում էի ինձ նույն ձև։ Ես համբուրել էի նրան։

-Դու չէ՛իր կարող, դու նոր ես ծնվել։ 

-Այո, բայց նրա անցյալից և քո հիշողությունից։

-Լսի,-աղաչում էր նա, թափահարելով նրան՝ փորձելով ստիպել լսել,-կարող է, կարելի՞ է․․․ կարող է, կարելի՞ է․․․ ավելի շատ գումար վճարել։ Մենք կռթնենք Փարիզ, Ստոկհոլմ, որտեղ կո՛ւզես։ 

Նա ծիծաղեց։  

-Տիկնիկները չեն վաճառվում։ Տրվում են միայն վարձով։ 

-Բայց ես փող ունեմ: 

-Արդեն փորձված է։ Չի՛ կարելի։ Այդ պատճառով մարդիկ նրանց խելքը կորցնում են։ Նույնիսկ կարող են գնալ ապօրինի քայլերի, դու գիտես։ Մենք կանք, որովհետև իշխանությունները աչք են փակում մեր վրա։ 

-Քեթի, ես մի բան եմ ուզում՝ լինել քեզ հետ:

-Դա հնարավոր չէ։ Ես նույն Քեթին եմ, մինչև վերջին բջիջը։ Եվ հետո, մենք զգուշանում ենք մրցակցությունից։ Տիկնիկներին թույլ չեն տալիս դուրս բերել ընկերության շենքից․ հերձելու դեպքում գաղտնիքները կբացահայտվեն։ Բավական է: Ես քեզ զգուշացրել եմ՝ խոսելու կարիք չկա։ Ոչնչացնելու ես պատրանքը։ Գնալուց, քեզ անբավարարված կզգաս։ Դու վճարել ես, ուրեմն արա այն, ինչի համար եկել ես այստեղ: 

-Ես չեմ ուզում քեզ սպանել։  

-Քո արարածի մի մասը ուզում է։ Դու ուղակի ճնշում ես այդ ցանկությունը և չես թողնում նա դուրս գա։ 

Նա գրպանից հանեց ատրճանակը։ 

-Ես ծեր հիմար եմ։ Պետք չէր գալ այստեղ․․․ դու կա՜տարյալ ես։ 

-Այսօր երեկոյան ես նորից կհանդիպեմ Լեոնարդին: 

-Լռի՛ր։ 

-Վաղը առավոտյան մեկնում ենք Փարիզ։ 

-Լսեցի՞ր ինչ ասացի: 

-Իսկ այնտեղից Ստոկհոլմ,-նա ծիծաղեց և թփթփացրեց նրա կզակը,-Ահա այդպես, իմ գերուկ։ 

Ներքուստ, նա զգում էր իր մարմնի մեջ որոշակի շարժում։ Նա սպիտակեց։ Պարզ հասկանում էր, թե ինչ է կատարվում՝ թաքցրած զայրույթը, զզվանքը, ատելությունը զարկում էր նրա մեջ, սիկ անր տելեպատիկ ցանցերը նրա գլխի ֆենոմենալ մեխանիզմում բռնեցին մահվան մասին ազդանշանները։ Տիկնի՛կ։ Նա ինքն է կառավարել տիկնիկի մարմինը անտանելի թելերի օգնությամբ։

-Անմիտ թմբլիկ։ Ժամանակին, գեղեցիկ էիր։  

-Դադարի՛։

-Դու ծեր ես, ծեր, իսկ ես ընդամենը երեսունմեկ տարեկան եմ։ Ախ, Ջորջ, ինչքա՜ն կույր էիր` դու աշխատում էիր, իսկ մինչ այդ ես նորից սիրահարվեցի… Լեոնարդը շատ սիրուն է, այնպես չէ՞: 

Նա բարձրացրեց ատրճանակը՝ առանց նրան նայելու։ 

-Քեթի՛: 

-«Նրա գլուխը մաքուր ոսկի է…», — շշնջաց նա: 

-Քեթի, դադարի՛ր,-բղավեց նա: 

-«…Նրա գանգուրները ալիքաձև են, սև, ագռավի պես… Ձեռքերը ոսկե կլոր կտորներ են՝ տոպազներով դրված»։ 

-Քեթի՛, մի՛ ստիպիր ինձ դա անել: 

-«Նրա թշերը նման են բուրավետ ծաղկի այգու…»,-մրմնջաց նա, փակելով աչքերը և լուռ շրջելով սենյակով,-«Նրա փորը փղոսկրյա արձանի պես է… Նրա սրունքները մարմարե սյուներ…»: 

-Քեթի՛,-ճչաց նա: 

-«Նրա շուրթերը քաղցրություն են…»: 

Կրակոց։ 

-«…Ահա թե ով է իմ սիրելին…»: 

Մեկ այլ կրակոց։ 

Նա ընկավ։ 

-Ք՛եթի, Քե՛թի, Քե՛թի։

Եվս չորս փամփուշտ խրեց նրա մեջ։ 

Նա պարկած կծկվում էր։ Անզգայուն բերանը բաց մնաց և արդեն աղավաղված, մեխանիզմը անընդհատ կրկնում էր «իմ սիրելի, իմ սիրելի, իմ սիրելի․․․» 

Ջորջ Հիլլի ուշքը գնաց։ 

Նա արթնացավ իր ճակատին սառը, խոնավ կտորի հպումից։ 

-Ամեն ինչ ավարտվեց, — ասաց մուգ մազերով մարդը: 

-Ավարտվե՞ց: — շշուկով հարցրեց Ջորջը: 

Մուգ մազերով մարդը գլխով արեց։ 

Ջորջն առանց ուժերի նայեց ձեռքերին։ Նա հիշում էր, որ նրանք արյան մեջ էին։ Նա ընկավ հատակին, երբ կորցրեց ուշքը, բայց հիմա էլ նրա ձեռքերում իսկական արյան հիշողություն էր հոսում։ 

Այժմ նրա ձեռքերը մաքուր լվացված էին։

-Ես պետք է գնամ, — ասաց Ջորջ Հիլլը: 

-Եթե զգում եք, որ կարող եք… 

-Բավականին լավ եմ,-նա վեր կացավ,-Ես կգնամ Փարիզ: Ես նորից կսկսեմ ամեն ինչ: Հավանաբար չպետք է զանգահարել Քեթիին կամ նման բան անել: 

-Քեթին մահացել է: 

-Այո, իհարկե, ես սպանեցի նրան: Աստված, արյունը այդքան նման էր իրականին… 

-Մենք շատ հպարտանում ենք ենք այդ մանրամասնություններով։

Հիլլը վերելակով իջավ նախասրահ և դուրս եկավ փողոց: Անձրև էր գալիս, բայց նա ուզում էր ժամերով շրջել քաղաքում։ Նա մաքրվել է զայրույթից և սպանության ցանկությունից: Հիշողությունն այնքան սարսափելի էր, որ նա հասկացավ, որ այլևս երբեք չի ցանկանա սպանել։ Եթե ​​նույնիսկ հիմա նրա առաջ հայտնվեր իսկական Քեթին, նա շնորհակալություն կհայտներ Աստծուն ու կընկներ՝ մոռանալով աշխարհում ամեն ինչի մասին, նրա ոտքերի մոտ։ Բայց Քեթին մահացած էր։ Նա արեց այն, ինչ ուզում էր անել: Նա խախտել է օրենքը, և ոչ ոք չի իմանա այդ մասին։  

Անձրևի զով կաթիլները թարմացնում էին դեմքը ։ Նա պետք է անմիջապես հեռանա, քանի դեռ մաքրության զգացողությունը չի անցել։ Ի վերջո, ո՞րն է այս «մաքրման» պրոցեդուրաի իմաստը, եթե այդ զգացողությունը հետ գա: Տիկնիկների հիմնական նպատակը իրական հանցագործություններ կանխելն է։ Եթե ​​ուզում էիր ինչ-որ մեկին ծեծել, սպանել կամ տանջել, ուրեմն թող քո զայրույթը արտահայտվի տիկնիկի վրա… Բացարձակապես իմաստ չունի տուն վերադառնալ։ Հավանաբար, Քեթին այժմ այնտեղ էր, բայց նա միայն ուզում էր նրան մահացած համարել՝ նա պատշաճ կերպով հոգացել էր դրա մասին: 

Նա կանգ առավ մայթի եզրին և հետևում էր, թե ինչպես են անցնում մեքենաները։ Նա խորը շունչ քաշեց մաքուր օդ և զգաց, որ լարվածությունը աստիճանաբար թուլանում է։ 

-Պարոն Հի՞լլ –,կողքից մի ձայն ասաց։ 

-Այո՛: Ի՞նչ է պատահել։ 

Ձեռնաշղթաները սեղմեցին նրա ձեռքերը։ 

-Դուք կալանքի տակ եք։ 

-Բայց… 

-Հետևեք ինձ։ Սմիթ, ձերբակալիր մյուսներին վերևում։ 

-Դուք իրավունք չունեք… 

— Սպանության համար՝ ունենք: 

Երկնքում որոտ լսվեց։  

Ժամը երեկոյան ինին տաս պակաս էի: Արդեն տասն օր է՝ անդադար անձրև է գալիս։ Անձրևը դեռ ջրում է բանտի պատերը։ Ջորջը ձեռքը ցցեց պատուհանի ճաղերի միջով, և անձրևի կաթիլներն այժմ հավաքվում էին փոքրիկ ջրափոսերի նրա դողդոջուն ափերի մեջ։ 

Դուռը աղմուկով բացվեց, բայց Ջորջը չշարժվեց, ձեռքերը դեռ թրջվում էին անձրևի տակ։ Փաստաբանը նայեց պատուհանի մոտ գտնվող աթոռի վրա կանգնած Հիլլի թիկունքին և ասաց. 

-Ամեն ինչ ավարտված է: Այս գիշեր Ձեզ մահապատժի կենթարկեն։ 

-Ես մարդասպան չեմ: Դա պարզապես տիկնիկ էր,- ասաց Հիլը՝ լսելով անձրևի ձայնը: 

— Դա օրենք է, և դրա դեմ ոչինչ անել չի կարելի։ Դուք գիտեք։ Մյուսները նույնպես դատապարտվել են։ «Տիկնիկների միություն» ընկերության ղեկավարը կմահանա կեսգիշերին, նրա երեք օգնականները՝ գիշերվա մեկին: Ձեր հերթը ժամը մեկ անց կեսին է գալու։ 

-Շնորհակալ եմ- ասաց Հիլը,-Դուք արեցիր այն ամենը, ինչ կարող էիք: Ըստ երևույթին, սա ևս սպանություն էր, նույնիսկ եթե ես չսպանեի կենդանի մարդ ։ Կար մտադրություն, ցանկություն և ծրագիր։ Պակասում էր միայն կենդանի Քեթին։   

-Դուք անհաջող պահին եք հայտնվել,- ասաց փաստաբանը,-Տասը տարի առաջ մահապատիժ չէիք ստանա։ Տասը տարի հետո էլ ձեզ չէին դիպչի։ Իսկ հիմա նրանց պետք է առարկայական դաս՝ մտրակվող տղա։ Տիկնիկների շուրջ ոգևորությունը վերջին մեկ տարվա ընթացքում հասել է ֆանտաստիկ չափսերի: Պետք է վախեցնել հանրությանը և լրջորեն։ Հակառակ դեպքում, Աստված գիտի, թե ինչի մեջ կարող էնք հայտնվել: Այս խնդիրն ունի նաև կրոնական և էթիկական ասպեկտ՝ ո՞րտեղ է սկսվում կամ ավարտվում կյանքը, ի՞նչ են ռոբոտները՝ կենդանի էակները և մեքենաները։ Որոշ առումներով նրանք շատ մոտ են կենդանիներին. արձագանքում են արտաքին ազդակներին, նույնիսկ մտածում են։ Գիտեք, երկու ամիս առաջ ընդունվեց «Կենդանի ռոբոտների մասին» օրենքը։ Դուք ենթակա եք այս օրենքին: Պարզապես ոչ ճիշտ ժամանակաշրջանում, այդքան բան…  

-Կառավարությունը ճիշտ է անում, դա ինձ համար արդեն պարզ է, — ասաց Հիլլը 

— Ուրախ եմ, որ հասկանում եք արդարադատության դիրքորոշումը։ 

-Այո: Չեն կարող նրանք օրինականացնել սպանությունը. Նույնիսկ նամն պայմաններով ինչպիսիք են՝ տելեպատիան, մեխանիզմները և մոմը: Նրանց կողմից կեղծավորություն կլիներ, եթե ինձ անպատիժ թողնեին։ Ես հանցագործություն եմ կատարել: Եվ այդ պահից անընդհատ ես ինձ հանցագործ էի համարում։ Ես զգացի, որ արժանի եմ պատժի։ Տարօրինակ է, այնպես չէ՞: Ահա թե ինչպես է հասարակությունը գերիշխում մարդկային գիտակցության վրա։ Ստիպում է մարդուն մեղավոր զգալ նույնիսկ այն ժամանակ, երբ թվում է, թե դրա համար պատճառ չկա… 

— Ես պետք է գնամ. Միգուցե ինչ-որ առաջադրա՞նք ունեք ինձ համար։ 

-Ոչ, շնորհակալություն, ինձ ոչինչ պետք չէ: 

-Ցտեսություն, պարոն Հիլլ։ 

Դուռը շրխկոցով փակվեց։ 

Ջորջ Հիլլը շարունակում կանգնած էր պատուհանի մոտ գտնվող աթոռին, անձրևից թաց ձեռքերը սեղմած ճաղերի հետևում։ Պատին կարմիր լույս վառվեց, և բարձրախոսից մի ձայն ասաց. 

-Պարոն Հիլ, ձեր կինը այստեղ է: Նա ցանկանում է հանդիպել ձեր հետ: 

Նա ձեռքերով սեղմեց ճաղավանդակները։ 


«Նա մահացել է» — մտածեց նա: 

-Պարոն Հիլլ-, ձայնը նորից բացականչեց։ 

-Նա մահացած է: Ես սպանեցի նրան։ 

— Ձեր կինը սպասում է այստեղ: Ցանկանու՞մ եք տեսնել նրան: 

— Ես տեսա, որ նա ընկավ, ես կրակեցի նրան, տեսա, որ նա մահացած ընկավ: 

-Պարոն Հիլ, լսու՞մ եք ինձ: 

-Այո, այո, — գոռաց նա, բռունցքներով հարվածելով պատին: — Լսում եմ։ Ես լսում եմ ձեզ։ Նա մահացած է, մահացած, և թող ինձ հանգիստ թողնի: Ես սպանել եմ նրան, չեմ ուզում տեսնել նրան, նա մահացել է։ 

Դադար: 

-Լավ, պարոն Հիլլ, — մրմնջաց ձայնը: 

Կարմիր լույսը մարեց։ 

Կայծակը փայլատակեց երկնքում և լուսավորեց նրա դեմքը։ Նա տաքացած այտը սեղմեց վանդակաճաղերին ու երկար մնաց, մինչև անձրևը թափվում էր ու թափվում։ Վերջապես, ինչ-որ տեղ ներքևում, մի դուռ բացվեց, և բանտի գրասենյակից դուրս եկան երկու թիկնոցներով կերպարներ։ Նրանք կանգ առան վառ կամարային լամպի տակ և նայեցին վեր։ 

Քեթին էր։ Իսկ նրա կողքին Լեոնարդ Ֆելփսն է։ 

-Քեթի! 

Նա շրջվեց։ Տղամարդը բռնեց նրա թևը։ Նրանք սև անձրևի միջով վազեցին ճանապարհը և նստեցին ցածր մեքենա: 

-Քեթի! — Նա ճչալով քաշեց վանդակաճաղերիը և բռունցքներով խփեց բետոնե պատուհանագոգին։ — Նա ողջ է: Հե՛յ, պահապան, ես տեսա նրան։ Նա ողջ է։ Ես չեմ սպանել նրան, ինձ կարող են ազատել։ Ես ոչ մեկին չեմ սպանել, այդ ամենը կատակ էր, սխալ, ես տեսա, տեսա: Քեթի, վերադարձիր, ասա նրանց, որ ողջ ես: Քեթի՛։

Պահակները վազեցին սենյակ։ 

-Դուք չեք կաորղ ինձ մահապատժի ենթարկել։ Ես ոչ մի հանցանք չեմ գործել։ Քեթին ողջ է, ես հենց նոր տեսա նրան: 

— Մենք նրան էլ տեսանք, պարոն: 

-Ուրեմն ազատեք ինձ։ Ազատ արձակեք։ 

Այս ամենը չի կարող պատահել, նրանք պարզապես խենթ են։ Նա խեղդվեց և քիչ էր մնում ընկներ։

-Դատարանը արդեն կայացրել է իր որոշումը, պարոն։ 

-Բայց անարդար է։ 

Նա վեր թռավ տեղից ու բռնեց ճաղերը՝ կատաղած բղավելով։ 

Մեքենան սկսեց շարժվել՝ տանելով Քեթիին ու Լեոնարդին։ Նա նրանց տարավ Փարիզ, և Աթենք, և Վենետիկ, իսկ գարնանը ՝ Լոնդոն, ամռանը ՝ Ստոկհոլմ, աշնանը ՝ Վիեննա: 

-Քեթի, հետ արի՛: Քեթի, դու չես կարող ինձ հետ դա անել: 

Մեքենայի կարմիր լուսարձակները հեռանում էին, սառը անձրևի վարագույրից աչքով անելով։ Պահակները թիկունքից եկան ու բռնեցին, բայց նա շարունակեց բղավել։ 

Оставьте комментарий